Զգոն եղե՛ք, թշնամին նենգ է և ուխտադրուժ,
Դարերի խորքերից և գործերից ենք նրանց ճանաչում,
Արթուն մնացե՛ք վարդանանց այրեր` հայրենի զինուժ,
Քանզի Նաիրին ձեր ավյունով է հավերժ կանաչում:
Զգա՛ստ ու հպա՛րտ, խրոխտ կանգնեցե՛ք խրամատներում,
Հայոց բանակի անվեհեր տղերք` փառքի զինվորներ,
Թշնամին թաքուն միշտ նենգադավ է իր արատներում,
Նա հետախուզում ու հարվածում է տալով ավերներ…
Աչալուրջ եղե՛ք, պարտված թշնամին զինվում է անվերջ,
Նա պատրաստվում է կրկին գրոհել մեր երկրի վրա,
Վրիժառության քինախնդրությամբ խրված նավթի մեջ,
Նրան օգնում են դաշնակից դարձած բոզերը նրա…
Անթիրախ դարձե՛ք, կառչելով անշուշտ մայրենի հողին,
Հայոց ոստանի մի բուռ հողն անգամ մեծ արժեք ունի,
Թշնամին այսօր դեռ ապավինած իր կեղտոտ փողին,
Տենչում է հասնել համաշխարհային հնչեղ անունի:
Հայոց զինուժի հրաշք ասպետնե՛ր, անսասան եղե՛ք,
Անվերջ գիտակցե՛ք, որ հայի համար չկա նահանջում,
Հանուն սուրբ հողի ձեր վերջին կաթիլ արյունը հեղեք,
Քանզի այդպես է մեծ մեռելների հոգին պահանջում:
Անքուն մնացե՛ք, հսկեք սահմանը Նաիրի երկրի,
Սուրբ Հայաստանից այսօր մի բուռ է մեզ բաժին հասել,
Մենք պարտավոր ենք հայրենին պահել, որ հողը բերկրի,
Որ Հայաստանը երբե՛ք ու երբե՛ք չդառնա անսեր…
Հպա՛րտ ու անպա՛րտ, զգույշ և զգաստ հավատքին վիմեք,
Հայոց հավատքը մեր փրկությունն է ի վերուստ տրված,
Հավատքով զինված` հայոց հավատքի անհունին դիմեք,
Քանզի այդպես է ամեն մի հայի ճակատին գրված…
Անփորձանք եղե՛ք, հիշե՛ք, թշնամին նենգ է ու տմարդ,
Նա հազար անգամ ասպատակել է ու գերեվարել,
Հիշե՛ք, որ չկա աշխարհի վրա թերևս մի մարդ,
Որի թշնամին միշտ բարեկամ է իրեն համարել...
Վ. Ա.
04.08.2014թ.