«Հրապարակ» թերթը գրում է.
«Երբ մոտ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անշրջելիորեն, անմնացորդ ու վերջնականապես հանձնվում է Ռուսաստանին, գնում է Մաքսային միություն, իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու իշխանամետները և հայաստանյան ռուսասեր ընդդիմության բազում ներկայացուցիչներ «դամ պահեցին», որ դա Հայաստանի ռազմավարաքաղաքական անվտանգության տեսանկյունից լավագույն որոշումն է, դա անվտանգության բարձիկն է, որը տրվում է տարածքային կոնֆլիկտ ունեցող մեր երկրին: Ռուսահպատակության քաղաքականության տակ տևական ժամանակ է՝ քողարկվում էր նաև Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու փաստը: Ամիսներ անց, ինչպես սպասելի էր, «փուչիկը» պայթեց՝ սահմանային գնդակոծությունների արդյունքում, իսկ նախապատերազմական վիճակին Ռուսաստանի արձագանքն ուղղակի ծիծաղելի է, ով «երկու կողմերին» կոչ է անում չխախտել հրադադարի ռեժիմը, սա այն պարագայում, երբ ՀԱՊԿ գծով Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Առավել զարմանալի է Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ով ստեղծված իրավիճակում էլ հայտարարել է, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող դրվել հարցականի տակ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հորդորեց դեպքերից առաջ չընկնել։ «Սպասեք, համբերեք մի երկու օր, այդ հանդիպումն էլ կլինի (նկատի ունի Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումը՝ Լ. Շ.), և ադեկվատ պատասխաններ կկարողանանք տալ և քննարկման առարկա ձեր հարցը դարձնել: Եվ հետո՝ մենք դեռ չենք անդամագրվել այդ միությանը, դուք արդեն ենթադրություններ եք անում»,- վրդովվեց Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ինչով են բացատրվում անվտանգության մասին խոստումներն ու ստեղծված իրավիճակի հակասությունը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


