Հուլիսի 15-ին ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանին սատարող խումբը օգոստոսի 7-ին, հայտնի բարերարի աջակցության նպատակով, նախատեսում է կազմակերպել երթ Երևանի կենտրոնում:
Ինչպես YerevanNews.am-ին (Երևան Նյուզ) հայտնեց գործարարի ընկեր, բժիշկ Մացակ Փոլադյանը, երթը կսկսվի ժամը 12:00-ին:
«Կոչ եմ անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի, ինչպես երբեք, լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լևոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և նման պայմաններում նրան պահելն էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը: Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն՝ Լևոն Հայրապետյանին չվնասելու համար: Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»:
Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր բժիշկ Մացակ Փոլադյան.