Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրը նիստում հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ըստ այդմ՝ նախկին որոշումներից մեկում արված փոփոխությամբ առավել պահանջվող մասնագետների հետ 3 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը կփոխարինվեն 5 տարի ժամկետով՝ նպատակ ունենալով անվճար տեղերի շրջանակներում ուսումնառած ուսանող-շրջանավարտների գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները հնարավորինս ծառայեցնել երկրին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախատեսվում է նաև պայմանագրի պահանջների խախտման դեպքում ուսանող-շրջանավարտի կողմից պետական բյուջե փոխհատուցել պետության կողմից վերջինիս համար ծախսված գումարը և սահմանել տույժ՝ ծախսված գումարի 30 տոկոսի չափով:

ԼՂՀ կառավարությունը սահմանել է նաև աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը. կապահովվի գործատու-աշխատանք փնտրողի անմիջական կապը` սրանով նպաստելով զբաղվածության խնդրի լուծմանը:

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԼՂՀ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման գալիք ուստարվա մասնագիտությունների ցանկում` պարարվեստ և պարի ուսուցում մասնագիտությունների համար հատկացնելով 10-ական անվճար տեղեր:

Կառավարությունը փոփոխություն է մտցրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բուհերում ուսուցումը շարունակելու կարգում: Ըստ դրա գնահատման 10 միավորանոց համակարգում 7 և ավելի միջին միավոր ունեցող շրջանավարտներին իրավունք կտրվի ուսուցումը շարունակել բուհերում: Հաստատվել է նաև այն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բուհեր:

Երկրի կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:

Կառավարության նիստում ընդունված մի շարք որոշումներ վերաբերել են ոստիկանության ծառայությանը. հոկտեմբերի 1-ից ԼՂՀ ոստիկանության ծառայողները կանցնեն նոր համազգեստի: