Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիրսյանի հացադուլին, «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը չմեկնաբանեց նրա այդ քայլը, նշելով միայն, որ Հովհաննիսյանը հստակ հայտարարել է, թե ինչ է անում և ինչի համար է անում: Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ նրա այս քայլը կնպաստի, որ մեր երկրում իշխանությունը իսկապես ծառայի ժողովրդին, ժողովրդի վիճակը լավանա, բացի այդ, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը դառնա ինքնուրույն դեմք ունեցող քաղաքական և պետական միավոր:
«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ Ր. Հովհաննիսյանի այս քայլը համարեց, որպես ազդեցության գործիք ՍԴ-ի որոշման վրա.«Հացադուլը վերջին քայլն է,եթե կա հայցադիմում ՍԴ-ին, ապա կարելի էր սպասել վճռի հրապարակմանը և հետո նոր, եթե դա նրան չբավարարի, դիմեր հացադուլի: Կարծում եմ, որ նա սրանով փորձում է ազդել դատարանի օբյեկտիվ վճռի վրա»:
Այս ամենին Ա. Բախշյանը հակադարձեց. «Անցած քսան տարիների ընթացքում մի քանի անգամ ենք տեսել ՍԴ-ի որոշումները. Դրանք բխել են միմիայն իշխանության շահերից և Սահմանադրական դատարանը, իբրև արդարադատության վերին ատյան ոչ մի անգամ պետության շահը չի պաշտպանել, այլ միայն գործող քաղաքական ուժի շահը»: