«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպե՞ս կարող են մեր բակի կոշկակար Հովհաննես քեռին ու 600 հազար դոլարանոց զրահապատ մեքենայով շրջող Հովհաննես Աբրահամյանը միասնական լինել, ունենալ նույն շահերն ու նպատակները, ապրել նույն հոգսերով ու երազներով, համախմբվել ինչ-որ հարցերի շուրջ: Անգամ եթե այդ հարցերը վերաբերում են այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսին երկրի անվտանգությունն է, հարևանների հետ հարաբերությունները, պատերազմն ու խաղաղությունը: Կասեք՝ պատերազմի ժամանակ բոլորը հավասա՞ր են:
Տեսականորեն՝ գուցե: Իրականության մեջ՝ ոչ միշտ: Եթե Հովհաննես քեռու և Հովհաննես Աբրահամյանի որդիները նույն հավանականությամբ և նույն հաճախականությամբ հայտնվեին բանակում ու սահմանի վրա, եթե նույն վտանգները կրեին իրենց մաշկի վրա, նույն զրկանքներն ու հաջողությունները կիսեին՝ գուցե: Բայց բոլորս գիտենք, որ նրանք «վերևում» են, մենք՝ «ներքևում»: Ուշադրություն դարձրե՞լ եք, օրինակ, որ բոլոր զոհերը, այսինքն՝ սահմանին կանգնած բոլոր զինվորները, հասարակ, եթե չասենք՝ սոցիալապես կարիքավոր, ընտանիքներից են: Լսե՞լ եք երբևէ, որ որևէ մեծահարուստի կամ բարձրաստիճան պաշտոնյայի զավակը, չասենք՝ զոհվի, վիրավորվի, հայտնվի վտանգավոր գծում, կամավոր բանակ մեկնի, անձնազոհ արարքով աչքի ընկնի, մարտական խրախուսանքների արժանանա: