Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ առաջինը փողոց են դուրս եկել քաղաքացիական հագուստով ոստիկանները, դա տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 5-ին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց վկա Արտավազդ Անտոնյանը, որը պատմեց, որ դեպքի օրը ինքն Ազատության հրապարակ էր գնացել զբոսնելու։
«Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ամիսը երկու անգամ ֆիզիոթերապիայի եմ գնում առաջին հիվանդանոցում։ Այդ օրն էլ էի գնացել հիվանդանոց, հետո դուրս էի եկել զբոսնելու Ազատության հրապարակում։ Եվ տեսա, որ սկզբում երկու քաղաքացիական հագուստով մարդիկ դուրս եկան Մաշտոցի պողոտա, հետո իմացա որ ոստիկաններ են, իսկ իրենցից հետո նոր փողոց դուրս եկան երթի մասնակիցները»,- պատմեց վկան։ Արտավազդ Անտոնյանի խոսքով՝ նա տեսել է, թե ինչպես են ոստիկանները քաշքշել քաղաքացիներին. «Ես տեսա՝ ինչպես է ոստիկանը լրագրողի քաշքշում, մոտեցա, ասացի, որ չի կարելի, նա էլ իր աշխատանքն է կատարում։ Հետո տեսա՝ ինչպես ոստիկանները մոտեցան և ճանապարհից հրեցին տասներեք-տասնչորս տարեկան մի երեխայի, որը հեծանվով կանգնած էր։ Ես նորից միջամտեցի, հետո չորս բերետավորներ ձեռքերիցս քաշեցին և տարան բաժին։ Ես մեքենայի մեջ վատացել եմ, ժամը 8-ին նոր ինձ բուժօգնություն են ցույց տվել»։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: