Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր: ՀՀ և Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ: Այն կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:
ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը: Ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: