Սահմանին կանգնած հայ զինվորի մարտական ոգին բարձր է և նա պատրաստ է կանխել ցանկացած ոտնձգություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սյրան Օհանյանը: Նախարարը վերջերս անընդհատ այցելում է սահմանամերձ գյուղեր, հանդիպում է բնակիչների հետ, իսկ վաղը կրկին մտադիր է մեկնել Տավուշի մարզ: 

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու կարիք չկա: Իսկ խոսելով կամավորականների խմբի մասին նախարարը ասել է, որ «կամավորականները մեր մարտական ընկերներն են» և նրանց մի մասը գտնվում է բանակի պահեստազորում:

«Ագրեսիայի դեպքում՝ նրանք կհամալրեն բանակի շարքերը: Այս պահին Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված առաջադրանքը, կամավորականների անհրաժեշտություն չկա: Բայց նրանց հանդիպումները անձնակազմի հետ, այցելությունները զորամասեր բարձրացնում են զինվորի ոգին և կարևոր են փորձի փոխանցման տեսակետից»,- հավելել է Պաշտպանության նախարարը:

Խոսելով միջազգային հանրության մասին նախարարը նշել է, որ անհրաժեշտ է նրանց ուշադրությունը սևեռել միջադեպերի հետաքննության վրա և դատապարտել հրադադարը խախտող կողմին: Դիվերսիաները և խախտումները կատարում է ադրբեջանական կողմը, մեր կողմից խախտումներ չկան: Բոլորը դա հասկանում են: