Ինչպես գիտեք, ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներում նրանք իրավիճակը ներկայացնում են այնպես, որ հաղթանակն իրենք են տարել, և հայկական կողմը մեծ կորուստներ է տվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաև այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման և նաև երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքները, տեղեկատվական և քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը:

Կորուստների հարաբերակցությունը, եթե այսօր համեմատենք, 1/8 և 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը:

Նաև որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ: Հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո: Տվյալ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք: Այս ամենը, կարծում եմ, հետևանք է նրանց հռետորաբանության և նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և նաև ներքին լսարանի համախմբման և պարտվածի թերարժեքության վերացման և զինված ուժերի ոգու բարձրացման:

Պաշտպանության նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ. առաջին հերթին զինված ուժերն առանց մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ուժեղացրել է իր ծառայությունը և՛ սահմանամերձ հատվածում, և՛ ռեզերվային բոլոր զորամասերում: Հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով, խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ-շատ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության և գտնվում են անմիջապես առաջին գծում միանգամից ահազանգելու համար:

Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմն ուժեղացված է: Զինված ուժերի մարտական ոգին չափազանց բարձր է՝ առաջին հերթին արտահայտված այդ հաջողություններով, երկրորդը՝ մեր բնակչության, հատկապես Կառավարության, Ազգային ժողովի, հասարակության լայն խավերի և նաև մեր մարտական ընկերների, ազատամարտիկների, երկրապահների, վետերանների աջակցությամբ, որոնք մասնակցում են մարտական հերթապահության և իրենց փորձի փոխանակմամբ ոգևորում են զինված ուժերի ստորաբաժանումներին: