Հյուսիսային և հարավային շրջանները միացնող ճանապարհի կառուցման նախնական ծրագիրը հավանություն է ստացել: Այն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը: ՀՀ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարվել է, որպեսզի յուրաքանչյուրն իր իրավասության սահմանում երկամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնի առաջարկություն երկաթուղու նախնական ծրագծում փոփոխություն կատարելու նպատակով: Տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի այդ առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և առաջարկություն՝ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային և հյուսիսային շրջանները: Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:
Նիստում հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը, նույն ծրագրով բնակարանների ձեռք բերման նպատակով տրամադրվող հիպոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահվել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ին:
Նիստում 2014թ. ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ծրագրային սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է շուրջ 90 մլն դրամ:
2014թ. ընթացքում «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ ջրանցքներում ինքնահոս ջրի պակասը լրացնելու, ինչպես նաև նշված ջրաքանակն ինքնահոս եղանակով հաշվառելու նպատակով գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմին հատկացրել է 515 մլն դրամ: