Կառավարությունը փոխհատուցում է բնակչության կրած վնասները` պետբյուջեից գումար տրամադրելով: Այս մասին քննարկվել է այսօր տեղի ունեցած ՀՀ Կառավարության հերթական նիստում:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ս.թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին հատկացրել է 20 մլն դրամ:
ՀՀ վարչապետի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցելության ժամանակ տեղի բնակչության արծարծած խնդիրներին լուծում տալու նպատակով կառավարությունը որոշել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագիր ներառել սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Մեկ այլ որոշմամբ ս.թ. մարտի 19-ին հրատապ լուծում պահանջող աշխատանքների համար ՀՀ մարզպետարաններին հատկացված 6 մլրդ դրամից խնայված գումարով մոտ 38 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել Շիրակի մարզում քամու և կարկտահարության հետևանքով առաջացած վնասի մասնակի փոխհատուցմանը, ինչպես նաև 50 մլն դրամ է տրամադրվել Վայոց ձորի մարզին՝ երեք համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով:
Հայաստանի ջրային պաշարի արդյունավետ կառավարումը հնարավոր է ջրամբարների կառուցման և շահագործման միջոցով: Կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է 6 ջրամբարի հետագա կառուցման համար իրականացնել ուսումնասիրություն և տեխնիկատնտեսական հիմնավորում: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմին հատկացվել է 25 մլն դրամ: