ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը անդրադառնալով Թուրքիայի ներկայիս վարչապետի արված հայտարարությանը ասել է. 

«Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։

Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։

Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։

Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վիրավորական հայտարարություն է արել հայերի հասցեին՝ թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում, որը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:

Իսկ Ստամբուլահայ հայտնի լրագրողներից Հայկո Բաղդատը պահանջել է Էրդողանից ներողություն խնդրել նման խոսքերի համար: