Այսօր վաղ առավոտյան ԱԳՆ շենքի առջևից ՌԴ դեսպանատուն-Մաշտոցի պողոտա -Ազատության հրապարակ երթուղիով մեկնարկել է խաղաղության երթ՝ «Ո՛չ պատերազմին» խորագրով: Երթին մասնակցել են նաև մի քանի հասարակական կազմակերպության անդամներ: Մասնակիցները նկատել են, որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է և այն չի կարող ստորադասվել իշխանական բարձր ատյաններում որոշումների կայացման մենաշնորհ ստանձնած քաղաքական գործիչների ու պետությունների ղեկավարների ընտրած քաղաքականությանը:
Իսկ այնուհետև երթի մասնակիցները հայտարարեցին, որ հայ-ադրբեջանական և ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում լարված իրավիճակի հիմնական պատասխանատուն ՌԴ նախագահն է, այնուհետև պետությունների ղեկավարները: Նրանք ընդգծել են նաև, որ դատապարտելի է, երբ օլիգարխները հարստանում են, իսկ զինվորները սահմանը պահելիս՝ զոհվում:
Ըստ նրանց՝ Կովկասյան տարածաշրջանում գերակա շահ հետապնդող կողմերից է Ռուսաստանը, որը վերջին 100 տարվա ընթացքում անմասն չի մնացել կոնֆլիկտներ ու ժողովուրդների միջև ատելություն ու թշնամություն հրահրելուց։ Երթի մասնկիցները, հասնելով ՌԴ դեսպանատուն, հանդես են եկել «Պուտին, հեռացի́ր », «Մենք խաղաղություն ենք ուզում» «ո՛չ պատերազմին», «մայրերի սրտերը միանման են բաբախում» բացականչություններով:
Տեսանյութը` «Առաջին լրատվական»-ի


