Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին:

    «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի վարչական 12 շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ, պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում: Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:


     Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է աշխուժացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:
    «Երևանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: Երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Շենգավիթ և Նորք Մարաշ վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշագավաթներով են պարգևատրվել բոլոր թիմերը:     Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:
Արտահայտելով միջոցառման մասին իրենց տպավորությունները՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարևորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլև Երևանի միասնությունը: