Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչն այսօր՝ օգոստոսզի 8-ին, անդրադառնալով այն փաստին, որ նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ առաջինը Ֆրանսիան էր հանդես եկել, իսկ այժմ այդ հանդիպումը նշանակված է Սոչիում, և արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, հայտարարել է, որ տվյալ պահին ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կայացումն է՝ անկախ այն բանից՝ կլինի այն Փարիզում, թե Սոչիում. կարևորը, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ, ինչի արդյունքում լարվածությունը կնվազի:
Ինչպես ընդգծել է դեսպանը, բանակցությունների ընթացքում նախագահների հանդիպումը Սոչիում կազմակերպելու առաջարկությունը վաղուց է քննարկվել: «Այդ առաջարկությունը նորություն չէր: Հավանաբար դուք տեսել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որտեղ վերջինս ողջունել է Սոչիում կայանալիք հանդիպումը»,- ասաց Քեթրին Լիչը:
Քեթրին Լիչն այժմ առաջնահերթ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությունը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: «Մենք գիտենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին ժամանել է Սոչի: Մենք հույս ունենք, որ այդ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու ռուսական կողմի հնարավոր առաջարկությանը՝ Քեթրին Լիչը նշեց, որ այն ավելի շատ ԵԱՀԿ-ին Հայաստանին ու Ադրբեջանին է վերաբերում: «Տվյալ պահին այս հարցը մեզ չի վերաբերում»,- եզրափակել է դիվանագետը:
Դիվանագետը երախտագիտություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին նրա հետ հանդիպելու հնարավորության, զրուցելու եւ ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության ներկայիս աճը խթանող պատճառները պարզելու համար: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ մենք խորապես ցավում ենք զոհերի կապակցությամբ: Մենք կցանկանայինք ցավակցություն հայտնել այն ընտանիքներին, որոնք վերջին բախումների հետեւանքով կորցրեցին իրենց երիտասարդ որդիներին»,- ասել է նա: