Ինչպես տեղեկացել էինք տեղական և ադրբեջանական լրատվամիջոցներից՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչն օգոստոսի 7-ին, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից: Իսկ այսօր արդեն հայտնի դարձավ գյուղացու մահվան մասին: Ադրբեջանական կայքերը մահվան պատճառ են նշում սրտանոթային սուր անբավարարությունը:
Կարեն Պետրոսյանի մահվան առնչությամբ Գյանջայում անցկացվում է փորձաքննություն, և կատարվածի մասին տեղեկացվել է Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչությունը:
Կարենը մտավոր թույլ էր. նա ոչ մի կերպ չէր կարող լինել դիվերսանտ: Հասարակ գյուղացի տղան գնացել էր էշով` փայտ հավաքելու: Առավոտյան նա ցանկացել է համագյուղացի մի երեխայի իր հետ վերցնել՝ վառելափայտ բերելու, սակայն այդ տղան տանը չի եղել, արդեն գնացած է եղել մոշ հավաքելու: Նրա եղբայրն ու քույրը Ռուսաստանում են, իսկ մայրը հիվանդ է, հոգեմետ դեղեր է ընդունում:
«Կարենի ընտանիքը շատ ծանր վիճակում է: Մարդկանց էրեխեն մահացել է, ո՞նց պետք է լինի նրանց վիճակը»,- ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Yerevannews.am-ի հետ զրույցում:
Կարծես թե բոլորս վստահ ենք, որ ադրբեջանական կողմը անմասն չի մնացել ՀՀ քաղաքացու «հանկարծամահ» լինելուց: