«Հրապարակ» թերթը գրում է. «Կարեն Պետրոսյանը նույնիսկ միջնակարգ դպրոցը չէր ավարտել, մինչև երրորդ դասարան էր գնացել, իսկ բանակում չէր էլ ծառայել. ասում է Կարենի հայրը՝ Արտուշ Պետրոսյանը։ Տղայի մահվան լուրը լսելով, հայրը կորցրել է իրեն, այնուհետև հասկացել է իրավիճակի լրջությունը և իրեն հավաքել։ Օգոստոսի 7-ին պատահաբար սահմանն անցած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ադրբեջանական կողմը ներկայացրեց որպես դիվերսանտ։ Հայրն Ադրբեջանի կողմից տարածված տեսանյութն է դիտել, որտեղ տղան զինվորական հագուստով է եղել, մոտն ունեցել է զենք, բայց, հոր խոսքով, այդ հագուստներն ադրբեջանցիներն են հագցրել, տղան տնից դուրս գալիս ջինսով է եղել, կապույտ բլուզով ու սպիտակ բոթասներով։ «Տղուս դիվերսանտ լինելը բացառվում է, ինքը հիվանդ երեխա էր, թերզարգացած՝ տառերը չգիտեր, հաշվել՝ նույնպես, ինչպե՞ս կարող էր դիվերսանտ լինել»,-ասում է հայրը և լացակումած ավելացնում, որ հույս չունի, որ որդու դին մի օր Հայաստան կբերեն։ Գյուղապետն էլ նշում է, որ տղան խմիչք է օգտագործած եղել, իրեն կորցրել է, շեղվել ու պատահականորեն անցել է սահմանը. «Նրա ճակատագիրն էր, երևի այդպես պետք է լիներ»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որից էլ մենք տեղեկացանք, որ Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է: Haqqin.az-ը հաղորդել էր, որ Կարենի մահվան պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է: Մեր քաղաքացիներն այս վարկածին չեն հավատում։

Նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում տարբեր գրառումներ են կատարում՝ ցավակցելով Կարենի ծնողներին և մեղադրելով Ադրբեջանին՝ նման կերպ մոլորյալ հայ գերու հետ վարվելու համար։ Օգտատերերից մեկը գրել է. «Կարեն Պետրոսյանին սպանեցին Բաքվում, դա ակնհայտ է: Ո՞նց վարվենք այս ժողովրդի հետ»։ Ֆեսբուքյան օգտատեր Սառա Գալստյան. «Մարդկային տականքներ, բարբարոսներ… սահմանը հատած մարդուն էնքան են ծեծում, որ մեռնում է, բա մենք ինչի՞ իրենց գերիներին ու դիվերսանտներին չենք սպանում… սա է հայի ու թուրքի տարբերությունը…. իսկ մեր գրանտակերներն էսօր Երևանում հայտարարում էին, թե ադրբեջանցիքի հետ տոլմա են ուզում փաթաթել… գնացեք՝ դա իրանց մոտ ասեք, ուղղակի վախենամ` էդ տոլման ձեր մսից լինի»։ Ֆեյսբուքցիներից շատերն առաջարկում են քննարկում ծավալել։ Օգտատեր Սասուն Մանուկյանն էլ փորձել է քաղաքակիրթ արտահայտվել. «Կա այդպիսի պետություն, որտեղ քնածին և մոլորյալ գերուն սպանելը հերոսություն է… Մոլորյալ գերի սպանողի հետ ի՞նչ բանակցություն»: