Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին սոցիալական կայքերի իրենց անձնական էջերում անդրադարձել են հատկապես կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Դեվիդ Չիչիլինեն:

«Վերջին երկու տասնամյակում Լեռնային Ղարաբաղի բնակիչները մշտապես ապրել են Ադրբեջանի կողմից հնչող կրակոցների և ադրբեջանական սպառնալիքի ներքո: Անցյալ շաբաթ Ադրբեջանը նորից հարձակում իրականացրեց շփման գծի երկայնքով, որը հանգեցրեց զոհերի: Ադրբեջանի՝ բռնություն իրականացնելու վերջին դեպքերը միջազգային հանրության կողմից պետք է խստագույն կերպով դատապարտվեն, և ԱՄՆ կառավարությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել դիպուկահարների կրակոցները: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չդադարեցնի իր գործողությունները սահմանի մոտ»,- նշել է Ադամ Շիֆը:

 

Կոնգրեսական Շերմանը հայտարարել է, որ ինքը խորապես մտահոգված է Ադրբեջանի՝ վերջին օրերին իրականացնող գործողություններով և հույս է հայտնել, որ Ադրբեջանը կդադարեցնի դիպուկահարների կրակոցները և կլծվի հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու գաղափարին:

Կոնգրեսական Չիչիլին իր հերթին Ադրբեջանի կողմից դիպուկահարների կրակոցները որակել է միջազգային իրավունքների նորմերի խախտում և հույս հայտնել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Ալիևը կհամաձայնի դադարեցնել հարձակումները և խուսափել մարդկային հետագա կորուստներից՝ այդպիսով դադարեցնելով նաև հրադադարի՝ ադրբեջանական կողմի պարբերական խախտումները:

Այս մասին հայտնել է «Asbarez.com»-ը: