Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա կապված Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություն թույլ տալու պատճառով:
Ինչպես հաղորդում է «Demokrathaber» թուրքական կայքը թուրքաբնակ բազմաթիվ հայեր, ինչպես նաև «Նոր Զարթոնք» շարժումը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամներ Ստամբուլի Ակոս շաբաթաթերթի խմբագրության դիմաց կազմակերպել են բողոքի երթ և ակցիա՝ մեղադրելով Էրդողանին՝ նրա ռասիստական դրսևորումների մեջ:
Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնցում կոչ են արել Էրդողանին՝ ներողություն խնդրել հայերից: «Նոր Զարթոնք»-ի խոսնակ Սայաթ Թեքիրը շեշտել է, որ Էրդողանն իր հայտարարությամբ հանցանք է գործել, որի համար իրենք հայց են ներկայացրել և կոչ են անում պատասխանատուներին զբաղվել այդ հարցով:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վիրավորական հայտարարություն է արել հայերի հասցեին՝ թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում, որը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:
Իսկ Ստամբուլահայ հայտնի լրագրողներից Հայկո Բաղդատը պահանջել է Էրդողանից ներողություն խնդրել նման խոսքերի համար: