«Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև»: Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման հարցի մասին ասաց ՀՀ նախագահը: Նա նաև հավելեց, որ Օգոստոսի 10-ի եռակողմ հանդիպման առարկան և թեման սա չէ:
Նախագահը խոսեց նաև եռակողմ հանդիպումների պարբերաբար անցկացման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այս բանակցություններին միանալու մասին: Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ:
Անդրադառնալով այն փաստին, որ սահմանային միջադեպերը անմիջապես նախորդում էին եռակողմ հանդիպմանը, ՀՀ նախագահը պարզաբանեց, թե ինչ նպատակ էր կրում Ադրբեջանի օգոստոս ամսվա քայլերը: Ս. Սարգսյանը մասնավորապես ասել է.
«Տարբեր: Տարբեր նպատակներ կան: Իհարկե, ամենագլխավոր և կարևոր նպատակն այն է, որպեսզի միջազգային հանրությանը հասցվի այն գաղափարը, այն միտքը (և Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, և պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում:
Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջև դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ և իրենց, և ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, և իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:
Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով:
Կարելի է նաև այլ նպատակներ և պատճառներ ասել, բայց, կարծում եմ, հիմնական նպատակներն այս երեքն են»:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք նաև, որ Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: