Անդրադառնալով ԵՏՄ անդամակցության խնդրին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անդամակցության փաստաթուղթը ամենայն հավանականությամբ կստորագրվի արդեն այս տարի:
Նա նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցեր է քննարկել, այդ թվում՝ այդ հարցը: «Մենք ունեցել ենք երկկողմ հանդիպում՝ շատ ավելի տևական ժամանակով, քան երեկվա հանդիպումն էր, և խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը` սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետև ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների եւ պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաև արդյունքները»,- ասել է նախագահը:
Հարցին, թե անդամակցությունն այս տարի չի լինի, Սարգսյանը պատասխանել է. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երևի ստորագրման մասի՞ն է: Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչեւ աշուն: Տեսնենք»:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք նաև, որ Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: