«Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, գիտեմ մեր զինված ուժերի հնարավորություններն ու կարողությունները, և երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երևի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով:

Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, և մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարևոր հանգամանք է: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա զինված ուժերը կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող: Մենք տեսանք, որ սկսած մեր ջոկի հրամանատարներից մինչև կորպուսների, բանակի հրամանատարներ կարողանում են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին: Սա շատ էական հանգամանք է: Մեր տղաները հերոս տղաներ են»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Նախագահը նաև խոսեց Հայաստանում մամուլի և տեղեկատվական կայքերի այս լարված օրերին կատարած աշխատանքի մասին: Նա մասնավորապես նշել է. «Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք, և մեր մամուլն էլ ազատ է: Ով, ինչ ուզում է ասի՝ ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչների մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են:

Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Ես ուշի ուշով հետևում էի և տեսնում էի, որ որոշ լրատվամիջոցներ, և առավել ևս՝ առանձին մարդիկ նույնիսկ փորձեցին մեր հակառակորդների մատուցած ինֆորմացիան որպես ճշմարտություն բերել, հասցնել մեր հասարակության անդամներին: Բայց դա շատ կարճ տևեց և, փառք Աստծո, որ առանց, ինչպես ասում են՝ առանց վերևից ցուցումի, առանց պարտադրանքի նրանք կարողացան համախմբել և շատ ճիշտ դիրքորոշում արտահայտել:

Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, և դա նրանց պատիվ է բերում:

Բայց այստեղ մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ: Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ:

Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահը օգոստոսի 11-ին անդրադարձել է երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նա խոսել է ՀՀ-ի համար ներկայումս առաջնային բզմաթիցվ հարցերի մասին: