Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով պատժամիջոցների մասին, նկատել է, որ ընդհանուր կարծիք կա, ըստ որի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար:
Նրա խոսքով, այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: «Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեեւ դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, եւ մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Հայաստանի կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետեւանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ առումով, և երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:
Ուրախ եմ, որ այլ պարամետրեր այսօր մտահոգության քիչ առարկա են. որեւէ մեկն այսօր չի խոսում գնաճի մասին, մեծ գնաճի մասին եւ այլնի մասին: Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Ես կարծում եմ՝ կարեւորն աճ ունենալն է, եւ կարևորն այն է, որպեսզի մենք կարողանանք օգտվել նաեւ նոր ի հայտ եկած հնարավորություններից»,- նշել է Սարգսյանը:
Նա նշել է, թե մի կողմից ասում են, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում են ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: «Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն: Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարևոր է. բաց հասարակությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, առողջապահությունը կարևոր է, մրցակցությունը կարևոր է, ամենը կարևոր են, բայց ամենակարևորը աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք»,- ամփոփել է Սարգսյանը:
Հիշեցնենք նաև, որ Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: