Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթանակեց նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ընդհամենը մի քանի օր առաջ ազատություն էր տվել իր սադիստական զեղումներին՝ հայ լինելը անվանելով կեղտոտ բան: Այսօր այս արտահայտությանն է անդրադարձել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես նախագահը նշել է.

«Ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն:

Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»: