Սոչիում երեկ՝ օգոստոսի 10-ին կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպումը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Հայաստանի նախագահ Սարգսյանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև Սոչիում կայացած հանդիպումը: Շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին զինված միջադեպերից հետո հանդիպումը երկու երկրների միջև երկխոսության վերականգնման ճանապարհին դրական քայլ է»:

Նա նաև կոչ է արել վերջ դնել շփման գծում բռնության դրսևորումներին. «Ես նաև կցանկանայի խորին ցավակցությունս հայտնել զոհվածների ընտանիքներին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած անդամ-պետությունների միջև բռնությունը տեղ չունի, քանի որ համաձայնագիրը բոլոր եվրոպացիների համար երաշխավորում է ապրելու իրավունքը»: