ՀՀ Զինված ուժերն են Ադրբեջանի նախագահին նստեցրել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Մասնավորապես քաղաքագետն ասել է. «Ռազմական տեսակետից Ալիևն իսկապես ստիպված է գնալ բանակցությունների»: 

Իսկ խոսելով ՌԴ-ի մասին Մելիք-Շահնազարյանը ընդգծել է, որ այն լինելով տարածաշրջանում ամենահզոր պետությունը չէր կարող թույլատրել բացի Ուկրաինայից ևս մեկ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ: 

«Բնականաբար, եթե ունեն պոտենցիալ, փորձում են այն լիովին օգտագործել իրենց համար նախընտրելի իրավիճակ ստեղծելու համար, իսկ իրենց համար նախընտրելին այն է, որ վերահսկելի պետք է լինի»,- հավելում է քաղաքագետը:

Իսկ եթե լինի պատերազմ Ռուսաստանը չի կարող վերահսկել, դրա համար ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի: Քաղաքագետը նշում է, որ այժմ դիվանագիտության գործելու ժամանակն է:

«Մեր դիվանագիտության ձախողումներից մեկն էլ այն է, որ գործը հասավ սրան: Բոլոր դեպքերում դիվանագիտությունը շատ կարևոր է»,- ասում է նա:

Իսկ անդրադառնալով օգոստոսի 10-ին նախագահների եռակողմ հանդիպմանը Մելիք-Շահնազարյանն ասել է.  «Մեր դիրքորոշումը միշտ կար, Հայաստանը միշտ կողմ է եղել փոխզիջումներին, այլ հարց է, որ Ադրբեջանը նոր պետք է սկսի գործել այդ տարբերակով: Հիմա հարմար առիթ է բանակցությունների տրամաբանությունն այլ դաշտ տեղափոխել»: