3 հայ է զոհվել Հալեպի Նոր Գյուղ թաղամասի ուղղությամբ արձակված գազի պայթյուցիկ տակառների հետևանքով: Զոհերի անուներն են՝ Մելքոն Պալյան, Ժիրայր Պալյան, Հարություն Սարգսյան: Հուղարկավորությունը տեղի է ունեցել Նոր Գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ: Այս մասին հայտնում է Գանձասար թերթի ֆեյսբուքյան էջը:

Շաբաթ 9 Օգոստոս 2014-ի երեկոյեան, զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ Նոր Գիւղի շրջանին վրայ արձակուած կազի պայթուցիկ տակառի պայթումին պատճառով օրին զոհուեցան Մելքոն Պալեանն ու Յարութիւն Սարգիսեանը. արձանագրուեցան նաեւ վիրաւորներ եւ նիւթական լուրջ վնասներ: Նոյն օրը, ժամեր անց իր մահկանացուն կնքեց նաեւ վերոյիշեալ պայթումին ընթացքին ծանրօրէն վիրաւորուած Ժիրայր Պալեանը՝ զոհուած Մելքոն Պալեանի եղբայրը:

Զոհուած հայորդիներու յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Կիրակի 10 Օգոստոս 2014-ին, Նոր Գիւղի Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: