Վերջին շրջանի լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգությունները, դիվերսիոն-խափանարար գործողությունները մարդկային թանկ կորուստների պատճառ դարձան, վշտով լցրին հազարավոր մարդկանց սրտերը, ցավ ու ողբ սփռեցին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ու կարևոր չէ, որ ադրբեջանցիների կորուստներն ավելի մեծ էին. որդու մահը անսահման վիշտ է ծնողի համար, ինչ ազգի էլ որ նա պատկանի: Բազմաթիվ երիտասարդ զինվորներ վիրավորվեցին, բազմաթիվ ճակատագրեր խեղվեցին: Ու մեր երկու ժողովուրդների միջև թշնամությունն ավելի բորբոքվեց: Ու՞ր է մեզ տանելու այս ճանապարհը, մինչև ե՞րբ են հայ և ադրբեջանցի մայրերը ողբալու իրենց որդիների անշնչացած մարմինների մոտ: Դեռ ինչքա՞ն են երկու ժողովուրդները մեծացնելու հայրենիքի համար նահատակված զիվորների փառքի պանթեոնը: Մեր հարևաններին մենք չենք ընտրում ու մենք և մեր սերունդները դատապարտված են ապրել կողք կողքի: Եվ մեր պարտքն է ազատել մեր ժառանգներին ցավի, թշնամության, ատելության այս բեռից:
Երբ թուրքական հեռուստաընկերություններից մեկը համացանցում տարածեց մի հարցազրույց ադրբեջանցի վիրավոր զինվորի հետ, որը լացակումած պատմում էր, թե ինչպես են հայերը գնդակոծել իրենց դիրքերն ու ինչպիսի ավերածություն են սփռել, բազմաթիվ հայեր իրենց մեկնաբանություններում գրեցին, թե որքան ցավալի է տեսնել մարդկային խեղված ճակատագրերը, մարդկային վիշտն ու տառապանքը…
Երբ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը պատահաբար հայտնվեց ադրբեջանական գյուղում, ադրբեջանցի հասարակ գյուղացիները հյուրընկալեցին նրան: Ու հենց ադրբեջանցիների տարածած տեսանյութի մեջ պարզ երևում է, թե ինչպես են հասարակ ադրբեջանցի մարդիկ փորձում խոչընդոտել հատուկ ջոկատայինների՝ Կարեն Պետրոսյանին ձերբակալելու գործողությանը, մինչդեռ զուգահեռաբար հայկական և ադրբեջանական բանակի զենքից խաղաղ բնակիչներ են զոհվում ու վիրավորվում երեխաներ:
Մենք` սահմանամերձ գյուղերի բնակիչներս, հանդես ենք գալիս քրիստոնեաբար և հայաբար վեհ քայլ անելու հորդորով, մենք հանդուրժողականության կոչ ենք անում: Մեր և հարևան պետության պաշտպանական գերատեսչությունների վերադաս հրամանատարները որքան էլ սպառնան իրար՝ վկայակոչելով իրենց ունեցած հզոր զենքները և իրենց զինվորների քաջությունը, տուժելու են երկու ժողովուրդները: Ուստի՝ խնդրում ենք մեր զինված ուժերին չհակադարձել գնդակոծումներին՝ ակնկալելով ադրբեջանական կողմի համարժեք քայլը:
Թու՛յլ տվեք, որ հայ և ադրբեջանցի փոքրիկները կարողանան խաղալ իրենց բակում, իսկ գյուղացին հնձի իր արտն ու հավաքի բերքը: Մենք շատ լավ գիտենք, որ անգամ հաղթած պատերազմը չի մեղմում այն ցավն ու վերքերը, որ տարիներ շարունակ խնկում է ժողովրդի սրտում:
Տավուշի մարզ


