ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում եռամյա ծրագիրը:
Օգոստոսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ստորագրեցին ծրագրի ընթացքը կարգավորող արձանագրություն:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդգծեց, որ սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է.
- Բոլորը, երևի թե, հիշում են Հայաստանում սողանքի վերջին, խոշոր դեպքը Տավուշի մարզում, որտեղ մենք 5 զոհ ունեցանք: ՀՀ տարածքում սողանքային գոտիները շատ են, բայց սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, և մենք պիտի սովորենք հաշտ ապրել բնության հետ: Ճապոնական գործակալության հետ մենք մի քանի արդյունավետ ծրագիր ենք իրականացրել, որի համար շնորհակալություն եմ հայտնում և կարծում եմ, որ այս ծրագիրը նույնպես արդյունավետ կլինի:
ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն իր ելույթում նշեց, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը միշտ ազնիվ է եղել.
- 2010 թ. մենք տեխնիկական աջակցություն ենք տրամադրել նախարարությանը (28 նոր, ժամանակակից հրշեջ մեքենա), իսկ հետո իրականացրել ենք սեյսմիկ ռիսկի գնահատման եռամյա ծրագիր: ԱԻ նախարարության նախաձեռնողականության և լուրջ աշխատանքի շնորհիվ մենք շատ լավ արդյունքներ ենք գրանցել: Հուսով ենք, որ այս անգամ էլ այդպես կլինի:
Ծրագրի նպատակը Հայաստանում սողանքների պատճառած վնասի նվազեցումն է՝ սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի ձևակերպման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով: Ծրագրում ընդգրկված են նաև ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
Արդյունքում՝
• կուսումնասիրվեն ՀՀ սողանքավտանգ տեղամասերը և կթարմացվի սողանքների վերաբերյալ առկա տեղեկատվական բազան.
• կկազմվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, կմշակվեն սողանքային աղետի կառավարման ուղեցույցեր, ինչպես նաև կբարելավվեն միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը.
• կբարելավվի մոնիտորինգի, կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման համակարգի գործունեությունը:
Ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքն է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար, ճապոնական գործակալության կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն, ինչպես նաև սողանքավտանգ 2-3 տեղամասում կիրականացվի սողանքների կանխարգելման պիլոտային ծրագիր:
Հանդիպման ավարտին Իիդա Ջիրոն ԱԻ նախարարի ուղեկցությամբ այցելեց նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով դրա կառուցվածքին, առաքելությանն ու տեխնիկական զինվածությանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					