Վերջին օրերին սահմանային լարվածության ու Չինարիի գերեվարված բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանության մասին Yerevannews.am-ը զրուցեց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:
- Կարեն Պետրոսյանին ադրբեջանական կողմը նախ ներկայացնում է, որպես իրենցից ծխախոտ ուզող խելապակաս մարդ, ապա հրապարակայնորեն ստորացնում որպես գերի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս քայլը:
- Ես կարծում եմ, որ դիվերսիոն խմբի անհաջողությունը, որ տեղի ունեցավ Կարենի անցնելուց մի քանի օր առաջ, սարսափելի վախեցրել, հուզել, և անհանգստություն էր պատճառել Ադրբեջանի կլանին, ոչ թե ժողովրդին: Կարենին սպանել է անմիջապես Ալիևի բանդան՝ ադրբեջանական անգրագետ մասսային մի քիչ թև ու թիկունք տալու նպատակով: Սա նշելու համար էր, որ տեսեք, հայերի մոտ անհաջողություն էր, բայց մենք հաջողությամբ գերուն սպանեցինք: Հետո դուք մի մոռացեք, որ իրենց մոտ այդ բնույթն է՝ քնածին կացնահարելու, գերուն սպանելու: Այստեղ զարմանալու բան չկա: Ես զարմանում եմ զարմացողների վրա, որ չէին սպասում այդպիսի անդրադարձի:
- Ձեր խոսքում նշեցիք, որ Կարենին սպանել է անմիջապես Ալիևի բանդան: Այսինքն՝ պատերազմում էր Ալիևը, ոչ թե ժողովուրդը:
- Այո՛, այս կռիվը ադրբեջանցի ժողովրդի հետ չէր, այլ Ալիևի բանդայի հետ: Ադրբեջանցին ինքը կռիվ չի ուզենա: Ադրբեջանցիները տեսել են 20 տարի առաջ ինչպես էին փախչում իրենց զորքերը: Ժողովուրդը հիշողություն ունի, և մոռանալ, թե ինչպես զորքերը թողնում էին իրենց ու փախուստի դիմում, ոչ ոք չէր մոռանա: Իսկ պատերազմ սկսել, դիվերսիաներ ուղարկել հաստատ չէր նախաձեռնի:
- Ձեր կարծիքով մեր դիվանագիտական կապերը համարժեք աշխատանք են տանում բանակի հետ զուգահեռ:
- Դա բնության օրենքն է, երկու երնեկ մի տեղ չի լինում: Եթե մեր դիվանագիտությունը ուժեղ լինի, մենք բավականին մեծ հարգանք ու պատիվ կունենայինք աշխարհում: Բայց քանի որ մեր դիվանագիտությունը զրոյականից մի քիչ է բարձր՝ 3-7 տոկոսով, ապա ուժեղի պարտականությունը կատարում է այսօր բանակը: Կարծեք թե ինքստինքյան բանակը հասկանում է, որ ինքը պետք է անի այն՝ ինչը չի անում դիվանագետը: Ադրբեջանական բանակը շատ թույլ է, իսկ դիվանագետները տեսնում եք, թե ինչ են անում՝ փողով գնում են սրան- նրան, սուտ ինֆորմացիա են տարածում: Սուտ ինֆորմացիան էլ իր տեղն ունի: Եթե հարյուր հոգուց հինգն էլ հավատան այդ ինֆորմացիային, ապա նրանք շահողի դերում են:
- Ալիևի այս քայլերն ինչպես կորակավորեք: Նույն դիվանագիտական թույլ գործողությունները չե՞ն հանդիսացել Ալիևի վարած լկտի քաղաքականության պատճառը:
- Այո, Ալիևի քայլը անցնում է ցինիզմի բոլոր սահմանները: Նրանք սուտը մատուցելով աղմուկ են բարձրացնում ամբողջ աշխարհում: Նրաք մարդկանց գնում են, սենատորների են գնում, դիվանագետների: Նրանք անում են այն, ինչը չենք անում մենք: Մենք լուռ ենք մնում, իսկ նրանք մեզ անվանում են ագրեսոր, իրենց հողերի զավթիչներ, և մեր լռությունը համաձայնության նշան է լինում: Իսկ մենք չենք ասում, որ նրանք 20 թ.-ին ստեղծված արհեստական պետություն են: