Իրաքի հյուսիսում` եզդիների բնակավայր հանդիսացող 10 հազար քմ տարածքում,  «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արդեն մեկ շաբաթ շարունակ ոչնչացնում է տեղի բնակիչներին: Այս ընթացքում մոտ  500 եզդիներ ջարդերի են ենթարկվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով՝ մուսուլմանական աշխարհն ընդհանրապես չի հարգում այլ ազգերին, նրանք ցանկանում են ոչնչացնել եզդիներին, քրիստոնյաներին: «Ուստի գերտերությունները, ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այդ կապակցությամբ: ԱՄՆ դեսպանատանը մենք արտահայտել ենք մեր ցանկությունը, որպեսզի 10 հազար քմ տարածքը, որտեղ բնակվում են եզդիները, համարվի Միացյալ Նահանգների վարչական տարածք. մենք պատրաստ են դառնալ այդ պետության գաղութը, միայն թե ցեղասպանություն չլինի», - նշեց Թամոյանը՝ ընդգծելով, որ եզդիները կիսում են Օսմանյան Թուրքիայում հայերի ճակատագիրը:

Հիշեցնենք, որ իրեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» (ISIS) հորջորջող ահաբեկչական կազմակերպությունն անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության և բնաջնջման: Հարյուր հազարավոր իրաքցիներ, որոնց մեծ մասը՝ կրոնական փոքրամասնություններ, լքել են Շանգալ մարզի հարավային հատվածում գտնվող իրենց բնակավայրերը: Իսկ շուրջ 70.000-ը բարձրացել են Շանգալի լեռները, որտեղ այժմ տառապում են ջրի և սննդի պակասից: Արդեն հարյուրավոր մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ մահացել են: Օրերս հայտնի դարձավ, որ շուրջ 500 եզդի կանանց իսլամիստները առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:

Այս իրավիճակը հղի է ընդլայնման և էլ ավելի վատթարացման վտանգով, այն լրջագույն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի՝ ներառյալ Հարավային Կովկասի համար: