Սոչիում օգոստոսի 10-ին կայացած ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հանդիպումից ու հրադադարի ռեժիմի պահպանման մասին բանակցություններից հետո Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ չի եղել ոչ մի կրակոց: Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները:

Նրանք նաև պնդում են, որ սահմանին նախքան Սոչիի հանդիպումը մոտեցրած և տեղակայված ռազմական տեխնիկան նույնպես հեռացվել է: Գյուղում իրավիճակը խաղաղ է. տիրում է «տարօրինակ» անդորր: Բնակիչները երկարատև անհանգստությունից հետո արդեն կարող են հանգիստ շունչ քաշել և շարունակել ապրել իրենց սովորական կյանքով: 

Հիշեցնենք նաև, որ նախագահները հանդիպել էին օգոստոսի 10-ին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները: Ինչպես նաև արդեն իսկ խոսվում է բանակցությունների երկրորդ փուլի մասին: