«Մենք դատարան ենք դիմել քննելու և փոխելու քաղաքապետարանի ընդունած որոշումը»,- օգոստոսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի պետական ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի լուծող պռոռեկտոր Պ. Էֆենդյանը: Նա ներկայացրեց ամբողջ պատմությունը, թե որ թվականին ինչպիսի որոշում է կայացրել կառավարությունը, քաղաքապետարանը: Փաստաթղթերով զինված նա ապացուցեց, որ Օրինաց Երկիր կուսակցությունը ապօրինի շինարարություն է սկսել:

«Մենք անհանգստանում ենք մեր տարածքի ապօրինի օգտագործումից, որովհետև 15 օրից սկսվելու է ուսումնական պրոցեսը, և մեր տարածքում, որը վիճարկելի չէ, չեն թողնում, որ մեր աշխատանքները կատարենք»,- նշեց ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր Յ. Մարմարյանը:

«Մենք դիմել ենք դատարան և մինչև վճիռը ոչինչ չենք ձեռնարկի: Եթե իրենք ունենային շինթույլտվություն, ապա քաղաքապետարանը երկու անգամ արձանագրություն չէր կազմի և երկու անգամն էլ չէր տուգանի»,- նշեց Պ. Էֆենդյանը: Նա ցույց տվեց իր ասածն ապացուցող քաղաքապետարանի որոշումները:

«Եթե քաղաքապետարանի որոշումները հասկանալի լինեին, մենք դատարան չէինք դիմի քաղաքապետարանի ընդունած որոշումը վերանայելու և փոխելու հայցով» վերջում եզրափակեց իր խոսքը Պ. Էֆենդյանը:

Վերջին օրերի կատարված գործողություններին գնահատական տալով, թե ցանկապատը քանդվելու ժամանակ այն ընկել է Օրինաց Երկիր կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանի վրա տեղեկությունը սուտ տեղեկատվություն էր, իր խոսքում նշեց Յ. Մարմարյանը: «Ես եմ Հեղինե Բիշարյանի կողքը կանգնած եղել, եթե ցանկապատը նրա վրա ընկներ, իմ վրա էլ կընկներ: Դրա համար պետք է ճշմարտությունը պահել: Ագրարային համալսարանի մեծությունը կայանում է նրանում, որ ինչ տեղեկատվություն հաղորդել է այսքան ժամանակ համալսարանը՝ ճիշտ է եղել: Մենք անգամ ճիշտ տեսագրությունը ունենք»:

«Մենք հիմա խոսում ենք այն տարածքի մասին, որը վիճարկելի չէ: Մնացած որևէ հարց մեզ չի հետաքրքրում»,- վերջում իր խոսքում նշեց գիտական աշխատանքների գծով պռոռեկտոր Դ. Պետրոսյանը: