«Առավոտ» թերթը գրում է.
«Երեկ ֆեյսբուքում կարդացի մի փոքրիկ պատմություն, որը չափազանց բնորոշ է մեր՝ հայաստանցիներիս հասարակական գիտակցությանը: Տարիքով կինը ստիպում է իր հղի աղջկան անցնել ոչ թե ստորգետնյա անցումով, այլ վերևի, բանուկ երթևեկությամբ փողոցով՝ բերելով այն արդարացումը, որը ես էլ լսում կամ կարդում եմ գրեթե ամեն օր. «Օրինավոր երկիր պիտի լինի, որ օրենքով անցնես»:
Դեպքը, կարելի է ասել, կենցաղային է, բայց իր մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է պարունակում: Ըստ այդմ, կա երկիր, պետություն, որը մեզնից դուրս, որը մեր՝ անհատներիս վարքի և մտածողության հետ կապ չունի, և մեր «գործն է» համբերատար սպասել, մինչև այդ երկիրը օրինավոր դառնա մինչև այն մեզ աշխատատեղ և բարեկեցություն պարգևի, և այդ դեպքում մենք գուցե բարեհաճենք կատարել օրենքները և աշխատել:
Դա թերևս այդպես էր 25 տարի առաջ, երբ երկիրը, պետությունը մերը չէր՝ չնայած այս դեպքում էլ ես որոշակի վերապահումներ կանեի՝ անպատասխանատվության, հիասթափվածության, ծուլության համար երբեք և ոչ մի հանգամանքներում արդարացում չի եղել և չկա: Բայց հիմա որ հաստատ այդպես է՝ երկրի օրինավոր լինելու մակարդակը բոլորի օրինավոր կամ ոչ օրինավոր լինելու հանրագումարն է : Եթե շենքերի շքամուտքերում, ներեցեք, մեզի հոտ է գալիս, դա դեռ չի նշանակում, որ ես էլ պետք է այնտեղ միզեմ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: