Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամների հետ այցելեց ԱԻ նախարարություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետին և կառավարության անդամներին է ներկայացրել ԱԻՆ շարահրապարակում ցուցադրված հրշեջ-փրկարարական տեխնիկան և փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումները:

Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում ԱԻ նյութատեխնիկական բազան համալրվել է զրահապատ ԲՏՌ-60 մեքենաներով, որոնք անփոխարինելի են հատկապես անտառային հրդեհների ժամանակ: Տեղում էր նաև ԱԻ կինոլոգիական ստորաբաժանումը, որն ունի հատուկ վարժեցված շներ` նախատեսված փրկարարական և որոնողական աշխատանքների իրականացման համար: ԱԻՆ սակրավորները ցուցադրեցին արտակարգ իրավիճակների ժամանակ ականազերծում իրականացնող սարքավորումները: Նախարար Երիցյանը նշեց, որ ԱԻՆ-ը հայտ է ներկայացրել` դառնալու միջազգային որոնողափրկարարական «INSARAG» թիմի անդամ, որը ենթադրում է փրկարար ծառայողների բարձր պատրաստվածություն և նյութական միջոցների հարուստ բազա: Հայկական միջազգային որոնողափրկարարական թիմի համակարգողը ՀՀ վարչապետին ներկայացրեց թիմի ունեցած նյութական միջոցները և պատմեց թիմի հետագա պլանների մասին:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջեց ԱԻՆ շարահրապարակում` մանրամասն ծանոթանալով բոլոր ստորաբաժանումների նյութական միջոցներին, զրուցեց համապատասխան մասնագետների հետ:

Այնուհետև ԱԻ նախարարության ուսումնական ավանում կառավարության անդամների համար ցուցադրվեց գործնական վարժանք: Ըստ ուսումնական վարժանքի պլանի` շենքում տեղի էր ունեցել գազի արտահոսք, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել, կային տուժածներ: ԱԻՆ փրկարարական ջոկատները հատուկ տեխնիկայի միջոցով մարեցին հրդեհը, տուժածներին իջեցրեցին վերին հարկերից և ցուցաբերեցին համապատասխան օգնություն: Վարժանքը դիտելուց հետո վարչապետը կառավարության անդամների հետ միասին եղավ ԱԻՆ պոլիկլինիկայում, մարզասրահում, ԱԻՆ վետերանների սենյակում, այնուհետև այցելեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ճգնաժամային կառավարման կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մեկ կենտրոնից կառավարել արտակարգ պատահարները հանրապետության տարածքում:

ԱԻՆ Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ առաջին սպայական կոչման` «Փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փրկարար ծառայության լեյտենանտի կոչում շնորհեց 9 աշխատակցի, իսկ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Գյումրիի օդերևութաբանական կայանի պետ Վալենտինա Պաշչենկոն արժանացավ «ԱԻՆ Պատվավոր աշխատակից» մեդալի:Այցի ավարտին վարչապետի գլխավորությամբ ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ առցանց խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման վայրերում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը: ԱԻ նախարարը մանրամասն ներկայացրեց ԱԻ նախարարության խոշոր ձեռքբերումները, սպասվող աշխատանքներն ու նախագծերը: Նախարարը նշեց, որ 2012 թվականին ՄԱԿ-ը ՀՀ ԱԻՆ-ը ճանաչել է լավագույն ձեռքբերումներ արձանագրած նախարարություն, իսկ ՄԱԿ-ի անդամ 35 երկրների ներկայացուցիչները վերջին շրջանում այցելել են Հայաստան՝ ծանոթացել աղետների դեմ պայքարում հայ մասնագետների փորձին ու գիտելիքներին:

Խորհրդակցությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին և կիսվեց իր տպավորություններով. «Ես հպարտ եմ, որ մենք նման նախարարություն ունենք, որն ամեն վայրկյան մեր քաղաքացիների կողքին է: Մեզ համար դա շատ կարևոր է` հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը և տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը, և այս ամենն ինձ պարտավորեցնում է, որպեսզի ես առավել մեծ ուշադրություն դարձնեմ այս կազմակերպված նախարարությանը: Անպայման կփորձենք աջակցել, որպեսզի բոլոր այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են նախարարության արդյունավետ աշխատանքի համար, կյանքի կոչվեն»: