Աշխարհում ամենաթանկ ծառայությունը խորհրդատվությունն է: Սա վերաբերում է նաև գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի ժամանակ:

«Իհարկե, չեմ կարող ասել, որ մեր մատուցած ծառայությունները շատ բարձր որակի են»,- խոստովանել է նախարարը: Նա նաև վստահեցրեց, որ հատկացվող գումարը շատ քիչ է: «Եթե համեմատենք եվրոպական կամ հարուստ այլ երկրների հետ… նրանք միլիարդներ են հատկացնում խորհրդատվության համար: Անտեղյակ մարդիկ ասում են՝ անտեղի է»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը և հավելեց. «Այլ հարց է, որ մենք ավելի որակյալ ծառայություններ պետք է մատուցենք, արդյունավետությունը պետք է բարձրացնենք: Այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք»:

Ինչպես նշեց նախարարը, տարեկան խորհրդատվության նպատակով գյուղատնտեսության նախարարությանը 299 մլն դրամ է հատկացվում: Այդ հատկացման շրջանակում մարզերում աշխատում են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները: «Ամեն մարզում ունենք 15-18 աշխատող: Թվաքանակը, իհարկե, փոքր է, բայց արդյունավետ են աշխատում` գիշեր-ցերեկ»,- ասաց գյուղնախարարը:

Օրինակ՝ անցյալ տարի, ըստ Սերգո Կարապետյանի, կարտոֆիլի և լոլիկի ցեցի խնդիր ունեցանք: «Բոլորը բարձրաձայնեցին այդ մասին, կորուստներ ունեցանք: Այս տարի վաղահաս կարտոֆիլի բերքն ամբողջությամբ փրկվեց, իսկ լոլիկի պարագայում, այսօրվա դրությամբ, ամեն ինչ նորմալ է: Այս ամենը խորհրդատվության արդյունքն էր»,- համոզված է նախարարը: