Ծաղկաձորում կայացել է «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Արբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պաշտոնատար այլ անձիք:

Ավանդական դարձած հավաքին այս տարի մասնակցում է ավելի քան 500 երիտասարդ` Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Առանձին ջոկատներով հանդես են գալիս նաև հասարակական կազմակերպությունները, երկրապահներն ու լրագրողները:
Օգոստոսի 18-ից 24-ն անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի ծրագիրը հագեցած է լինելու մարզամշակութային միջոցառումներով ու մրցույթներով: Նախատեսված են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ: Կկազմակերպվեն նաև մարտական պատրաստվածության դասընթացներ:
Եռագույնի ներքո ձևավորված է 45 ջոկատ: «Բազե 2014» հավաքին Երևանը ներկայանում է երկու ջոկատով՝ ընդգրկվելով կարմիր և կապույտ ճակատներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անմիջական մթնոլորտում շփվելով մայրաքաղաքի ջոկատների անդամների հետ, հետաքրքրվել է երիտասարդների պատրաստվածությամբ և մաղթել հաջող մրցելույթներ, նաև պատրաստակամություն հայտնել` աջակցելու ջոկատներին: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ուշադրության և պատրաստակամության համար՝ երիտասարդները խոստացել են, որ Երևանի պատիվը բարձր պահելու համար կներդնեն բոլոր ուժերը:
Այնուհետ կայացել է նաև բազեականների հետ ավանդաբար անցկացվող հարցուպատասխանը, որի ընթացքում երիտասարդներին հուզող տարատեսակ հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետը:

Հարկ է նկատել, որ «Բազե 2014»-ի միջոցառումերի շարքում առաջին անգամ ծավալուն ձևով ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Այն պատկերված է բոլոր բազեականների այս տարվա շապիկներին:

Այս մասին հայտնում եմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից: