ՀՀ վարչապետը սեպտեմբերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին «Բազե 2014» երիտասարդական հավաքին բազեականների հետ զրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը։ Մասնավորապես Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ես սեպտեմբերի 15-16-17-ին այցելելու եմ Իրան»:
Նա նաև հավելել է, որ օգոստոսի 21-22-ին սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, իսկ սեպտեմբերի 8-9-ին՝ նախնական պայմանավորվածությամբ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան։
«Սրանք մեզ համար նաեւ տնտեսական առումով շատ կարևոր երկրներ են։ Բազմաթիվ ծրագրեր կան և Վրաստանի, և Ռուսաստանի և Իրանի հետ։ Փորձելու ենք նաև անձնական-բարեկամական հարաբերություններ ստեղծել, որը շատ օգնում է պետական ծրագրերն իրականացնելու համար, որ կարողանանք զանգել, խնդիրներ լուծել»,- ասել է վարչապետը: