«Հրապարակ» թերթն անդրադառնում է Այգեպարում հակառակորդի կրակահերթի ու առաջացած հրդեհի պատճառով իրենց տները կորցրած երկու ընտանիքներին, գրելով, որ այս մարդիկ չունեն ոչ հագուստ, ոչ նոր բնակարանների համար անհրաժեշտ կահավորանք, ընդհուպ մինչև խոհանոցային սպասք։

«Հրդեհի օրը Վարդազարյանների ընտանիքը գյուղում չի եղել, ամուսիններով Ռուսաստանում են եղել՝ արտագնա աշխատանքի մեկնած տղաների մոտ: «Երբ լուրն ստացանք, իրար խառնվեցինք, մինչև ստեղ գալը չէինք հավատում, որ մեր տնից բան չի մնացել»,-ասում է 66-ամյա Վանո Վարդազարյանը: Արդեն երեք օր է՝ կնոջ հետ վերադարձել է գյուղ, և գիշերում են հարևանների տներում: «Թե ում տանն ենք գիշերելու, գյուդում չեմ, չնայած ասում են՝ տան հարցն արդեն լուծվում ա: Տուն են տալու, պետք է մի երկու օր սպասեք: Մենք էլ սպասում ենք, վերջը լավ լինի»: Վարդազարյանի խոսքով՝ իրենք գումար չունեն, որ կարողանան տունը բարեկարգել, տան համար անհրաժեշտ իրերը գնել:

«Իբր տանը շատ բան ունեինք, դա էլ կորցրինք: Հիմա որ տուն տան, ճաշն ինչի՞ մեջ ենք սարքելու, որտե՞ղ ենք քնելու ու ի՞նչ ենք հագնելու: Դատարկ, չորս պատերի մեջ նստելու ենք: Փող չունենք, որ գնանք առնենք, մեր վիճակը ո՞նց ա լինելու»,- ասում է գյուղացին՝ ավելացնելով, որ ոչ մի հնար չունեն մի բան ստեղծելու: Այգեպարում երկուսով են ապրում՝ ինքն ու կինը, ապրուստի միակ միջոցը թոշակն է: «Իմ թոշակի հույսին ենք, տղաներս Ռուսաստանից օգնում են, բայց դե դրանով հազիվ յոլա ենք գնում: Մեր գյուղում ապրելու միջոց չկա, վատն էն ա, որ անասուն էլ չենք կարողանում պահել, գյուղում արոտավայր չունենք: Կրակոցների պատճառով հող էլ չենք կարողանում մշակել, ձեռնունայն նստած ենք»,-ասաց Վարդազարյանը: «Տանը ոչինչ չունենք, գոնե մի բան արեք, որ մեզ օգնեք, չգիտենք ինչ անենք: Ոչ մի բան մեր տնից չի մնացել, երկու հատ ծռմռված մահճակալ, որի վրա պառկել էլ չի լինի»,-ասաց Վարդազարյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: