Չնայած որ 20 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով, որը միջնորդության համար դիմել էր Ռուսաստանին, հրադադար էր ձեռք բերվել, շփման գծում հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունները կրկին ցույց տվեցին, որ նրա նպատակը ԼՂՀ-ի գրավումն է ու Ղարաբաղի ամբողջ տարածքում վերահսկողության հաստատումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը Ղարաբաղը գրավելու հույսը չի կորցնում՝ շանտաժի ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։
«Ադրբեջանը տարածքային անհեթեթ հավակնություններ ունի Զանգեզուրի եւ Երեւանի հանդեպ։ Վերջին 20 տարին ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը միշտ հեռանում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկած հնարավոր ուղիներից»։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Բաքուն վերջին տարիներին զինված ուժերում մեծ միջոցներ է ներդրել նավթի հաշվին՝ դրանով ապացուցելով Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի եւ հայկական կողմի զինված ուժերի հարաբերակցությանը՝ Հակոբյանը նկատել է, որ այս պահին մեկը երկուսի հարաբերակցություն է՝ հօգուտ հակառակորդի, սակայն սա չի նշանակում, որ վերջինս ինտենսիվ զինվելու դեպքում կհասնի իր ուզածին։
Առավել եւս, որ 1992թ. հայկական եւ ադրբեջանական կողմերի սպառազինության հարաբերակցությունը մեկը քսանի էր։
«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂՀ ՊԲ-ի համար սպասելի է։ Ես ամեն օր սպասում եմ պատերազմի, եւ բանակի նպատակն է պատրաստ լինել պատերազմին», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ի պատասխան Ադրբեջանի ԶՈՒ սպառազինմանը, ԼՂՀ-ն զբաղվում է զինվորների ուսուցմամբ, զինանոցի արդիականացմամբ։
Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հատուկ զորավարժություններ են անցկացվել։ Թիկունքն ապահովելու ռազմական տեխնիկան համալրվել է, բարելավվել է սննդի որակը։