Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում օրերս նշվել է Կարսից Անատոլիա ներխուժելու 950-ամյակը: Այս մասին հայտնում է թուրքական Turnusol կայքը:
Միջոցառման իրականացմանն աջակցել են Կարսի նահանգապետարանը, քաղաքապետարանը, «Կովկաս» ինստիտուտը, թուրքական մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: Արարողության կազմակերպման գործում մեծ է «Ազգայնական շարժում» կուսակցության դերը: Միջոցառման մասին կայքը հեգնանքով գրել է, թե թուրքերն «այս անգամ էլ նվաճեցին հայ թագավորների մայրաքաղաք Անին»:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում կայքում տեղ գտած հոդվածը թարգմանաբար.
«Միջոցառման մասնակիցներն Անիի պարիսպների մոտ ծածանել են Թուրքիայի դրոշը, այնուհետ այն վայրում, որտեղ պնդում են, թե Ալփասլան սուլթանը ձիուց իջել ու թափահարել թուրը, ներկայացում են տվել Թուրքիայի ազգային կրթության նախարարության ժողովրդական պարի խմբերը:
Ավանդական պարից հետո մասնակիցները շրջել են Անիի ավերակներում, այցելել Մանուչեի մզկիթ, ապա` Մայր տաճար: Կարս-Անի միջազգային առաջին գիտաժողովի նախագահ Օքթայ Բելլին հայտարարել է. «Այստեղից ձայնում են աշխարհին: Անիից ենք սկսել քաղաքակրթությունը տարածել աշխարհում: Թուրքական, իսլամական աշխարհի, Անատոլիայի, Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի առաջին մզկիթը Անիում ենք կառուցել, առաջին նամազն այստեղ ենք արել: Առաջին իջևանատներն այստեղ ենք կառուցել: Մենք որքան էլ պարծենանք Անիով, միևնույնն է` քիչ է»:
Նահանգապետ Գունայ Օզդեմիրն էլ հայտարարել է, որ Անիի նվաճումը թուրքական աշխարհի, ինչպես նաև համաշխարհային պատմության տեսանկյունից կարևոր և շրջադարձային նշանակություն ունի: «Անատոլիայի նվաճումը Անիի գրավմամբ սկսվեց, Անատոլիայում քաղաքակրթության մուտքը սկսվեց Անիից: Այդ իսկ պատճառով էլ աշխարհի համար այդքան կարևոր նշանակություն ունի Անիի նվաճումը»,- ասել է Օզդեմիրը:
Հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ թուրքերը վերջին շրջանում ոչ թե «Անի» են գրում, այլ «Անը»՝ պնդելով, թե դա քաղաքի իսկական անունն է: «Անը» թուրքերեն նշանակում է «հուշ»: