Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակ բացած Արթուր Միրզոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հոդվածով: Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը վերջինիս մի ամսով կալանավորելու որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Դատարանում Արթուր Միրզոյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում, ցանկանում է վճարել 500 հազար ռուբլի տուգանք և երկրից չի հեռանա, քանի դեռ իրականացվում են քննչական միջոցառումներ: «Կալանավորվածը ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանք և մտադիր չէ փախչել: Հանցագործությունը իրականացնելուց հետո նա չի փորձել փախչել կամ թաքնվել, այլ միայն սպասել է ոստիկանությանը: Այդ հանցագործությունը թույլ է տալիս տղամարդու ազատության մեջ լինել, ուստի մենք խնդրում ենք դատարանին տուգանքի դիմաց ազատ արձակել Միրզոյանին: Նա հասարակական ոչ մի վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց նկատմամբ նա ոչ մի գործողություն չի իրականացրել», - հայտարարել է Միրզոյանի փաստաբան Գեորգի Շատվորյանը և նկատել, որ Միրզոյանը «կատարելապես ադեկվատ է, սակայն իր գործողության դրդապատճառների մասին առ այսօր ոչինչ չի պատմել»: Փաստաբանը նաև հավելել է, որ Միրզոյանն ունի զենք կրելու իրավունք:


