Գորիսի քաղաքապետարանը, «Արենի» փառատոն հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման, շուկայի մրցունակության ծրագրի և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ, օգոստոսի 23-ին կազնակերպում են «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը:
«Փառատոնի նպատակն է դառնալ ավանդական, ամենամյա, ինչպես նաև Գորիսի և շրջակա տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խթանի: Մեկօրյա տոնակատարություն չէ: Քաղաքի և շրջակա բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան իրենց զբոսաշրջային ռեսուրսը ներկայացնել հանրությանը: Դրանք կլինեն թե արհեստագործական արտադրանք, թե մշակութային` խթանելով ներքին և միջազգային զբոսաշրջությանը»,- օգոստոսի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Արեսյանը:
«Հաջորդ տարիներին փառատոնը կկայանա հուլիսի սկզբին: Սա արվելու է այն պատճառով, որ թթի փառատոնի ժամանակ թութ ունենանք: Փառատոնը հետաձգվեց, որովհետև համընկավ քաղաքապետի ընտրության հետ: Հաջորդ տարիներին պլանավորում ենք ցույց տալ թութը վերամշակելու ամբողջ գործընթացը՝ թափելու, չորացնելու և օղի պատրաստելու: Համոզված եմ, որ դա կհետաքրքրի ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև զբոսաշրջիկներին»,- հայտարարեց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը:
«Հայաստանի տուրիզմը դինամիկ աճ է գրանցում տարեցտարի: Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան այցելել է 495.957 զբոսաշրջիկ, որը 17 տոկոսով ավելի շատ է նախկին տարվա նույն ժամանակահատվածում կատարված հետազոտությունների արդյունքից: Իսկ այսպիսի փառատոնները, այսպիսի ծրագրերը ևս նպաստում են զբոսաշրջության զարգացմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- ավելացրեց Մեխակ Ապրեսյանը: