Նախօրեի ուշ երեկոյան Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքը փակել է ռազմավարական ճանապարհի այն հատվածը, որը Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Նախնական տվյալով՝ հորդառատ անձրևի և սողանքի հետևանքով Դևդորակ կիրճում պոկվել է լեռնային զանգված, բայց վատ տեսանելիության պատճառով դրա ծավալը և կազմը որոշելն առայժմ անհնար է,  հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի կայքը։

Ռուսական սահմանային «Վերին Լարս» անցակետի շրջանում մի քանի տասնյակ բեռնատարներ են կուտակվել։ Թերեք գետի հունի փակման հավանականության հետ կապված՝ մասնագետները հետևում են Հյուսիսային Օսիայի տարածքում գետի ջրի մակարդակին։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական օպերատիվ խմբեր։ ՌԴ ԱԻՆ ԳՎ-ն երթևեկության մասնակիցներին խորհուրդ է տվել զերծ մնալ «Վերին Լարս» անցակետով սահմանը հատելու մտադրությունից այնքան ժամանակ, մինչև իրավիճակը կկարգավորվի։

Միաժամանակ նշվել էր, որ Թեթեքի հունի փակման վտանգ չկա, քանի որ մայիսին գետի հունի ուղղությունն արհեստականորեն փոխվել էր նույն տեղում տեղի ունեցած սողանքի հետևանքով։