Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների համար։

Դեռևս անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի և  կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չերթևեկել նշված ճանապարհով:

Հիշեցնենք, որ նախօրեի ուշ երեկոյան Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքը փակել է ռազմավարական ճանապարհի այն հատվածը, որը Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Նախնական տվյալով՝ հորդառատ անձրևի և սողանքի հետևանքով Դևդորակ կիրճում պոկվել է լեռնային զանգված, բայց վատ տեսանելիության պատճառով դրա ծավալը և կազմը որոշելն առայժմ անհնար է: