Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», - ասել է վարչապետը: Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել: «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», - հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք, - ասել է Հովիկ Աբրահամյանը: - Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»: