Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի շենքում այսօր կայացել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանի և Արայիկ Բաղդադյանի մամլո ասուլիսները, որի ժամանակ նրանք հայտարարեցին Ուզբեկստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը մեկնող Հայաստանի հավաքականների կազմերը, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին։
Լևոն Ջուլֆալակյանն իր խոսքում նշեց, որ մեր մարզիկները լավ են նախապատրաստվել մրցաշարին, նախապատրաստական բոլոր փուլերը հաջող ենք անցկացրել, իսկ ուսումնամարզական վերջին հավաքը կանցկացվի Երևանում, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը:
Այն հարցին, թե արդյոք մենք մասնակցե՞լու ենք 2015 թվականին Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին, թե՞ ոչ, Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ունենալով նման փորձ Բաքվում մասնակցության, ավելի լավ կլինի այնտեղ մրցաշարի չմասնակցել: Նման պայմաններում մասնակցելը լուրջ չէ, քանի որ մենք այնտեղ աշխարհի առաջնության ենք մասնակցել և գիտենք, որ մեզ թույլ չեն տալու նորմալ գոտեմարտ անցկացնել: Սակայն, շատ կարևոր է, որ դրա համար չզրկվենք վարկանիշային միավորներից, հակառակ դեպքում պատրաստ ենք մեկնել Ադրբեջան»։
Արայիկ Բաղդադյանին ուղղված «Ո՞րն է պատճառը, որ մենք 74 կգ քաշում մասնակից չունենք» հարցին մարզիչը պատասխանեց, որ մենք ունենք լավ մարզիկներ, սակայն առայժմ նպատակահարմար չեն գտնում, որ նրանք մասնակցեն առաջնությանը: «Ի տարբերություն 74կգ քաշի, քաշային մյուս կարգերում սպասելիքներ ունենք: Օրինակ, կարող էինք հայտավորել մի ըմբիշի, ով երկրորդ տեղն է գրավել, բայց պարտվել է Գրիգոր Գրիգորյանին Հայաստանի վերջին առաջնությունում: Առայժմ նա դեռ պատրաստ է աշխարհի առաջնությունում մասնակցել»,- նշեց Արայիկ Բաղդադյանը:
Կարեն Գիլոյանը, իր հերթին, անդրադառնալով առաջնության՝ ուղիղ եթերով ցուցադրվելու խնդրին, նշեց, որ ամբողջ առաջնությունը ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ժամը 18.00-20.00: