Ադրբեջանին սահմանամերձ ճանապարհի կապալառուին պատասխանատվության կենթարկեն աշխատանքներն ուշացնելու համար: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողներին հայտնել է տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ մեկնաբանելով սահմանամերձ Վազաշեն և Պառավաքար գյուղերի միջեւ շրջանցիկ ճանապարհի կառուցումը: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի նախարարությանը դիտողություն էր արել աշխատանքներն ուշացնելու համար և, ըստ Առաքելյանի, այդ դիտողությունը միանգամայն արդարացի էր:
Սկզբնապես, պարզաբանել է պաշտոնյան, պայմանագիրը կնքվել է մարզային կապալառու «Իջևանի ճանշին»-ի հետ, որը, ժամանակին չի կատարել աշխատանքների գրեթե կեսը: «Պայմանագիրը խզվել է, իսկ շինարարական ընկերությունը վարչական պատասխանատվության կենթարկվի», - վստահեցրել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է վարչապետի քննադատության մյուս կետին՝ հավելյալ 55 միլիոն դրամի վերաբերյալ (շուրջ 120 հազար դոլար), ապա Առաքելյանը նշել է, որ այստեղ հողի եւ պայթեցման նոր աշխատանքների հետ կապված դժվարությունները օբյեկտիվ բնույթ են կրում, պարզապես ավելի վաղ չէր հաջողվել դրանք կանխատեսել:
Ըստ կառավարության նոր որոշման՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ հոկտեմբերի վերջ, սակայն նախարարությունը մտադիր է դրանք ավարտել մեկ ամիս շուտ՝ հաշվի առնելով ճանապարհին անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք նաև, որ այսօրվա կառավարական նիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: