Դեբեդի միջով Բագրատաշեն-Սադախլու անցման  սահմանամերձ նոր կամուրջը նախատեսվում է անվանել հայ-վրացական բարեկամության կամուրջ: Նոր կամուրջը կառուցվում է Վրաստանի սահմանին հայկական անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակներում: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ 2013թ. մեկնարկած և 60 մլն եվրո ընդհանուր ծավալով ծրագրի՝ սահմանամերձ անցակետերը կհագեցվեն  եվրոպական ժամանակակից տեխնիկայով: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության գրանտային միջոցների և այլ դոնորների վարկային միջոցների հաշվին: Այն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, իսկ Հայաստանի կառավարության կողմից համակարգում է ֆինանսների նախարարությունը:

Իսկ Վրաստանի վարչապետն ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությանը՝ նկատելով, որ այն աճել է 42%-ով:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են, և մենք, իհարկե, կաջակցենք այդ միտմանը: Մեր այցը բարեկամական Հայաստան հենց այդ նպատակին է ծառայում», - հայտարարել է Գարիբաշվիլին:

Վերջինիս խոսքով՝ դրական տենդենց է նկատվում նաև զբոսաշրջային այցերի ոլորտում: Նա Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախություն հայտնել Հայաստան այցի կապակցությամբ: